ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Դաշնակցական Օլիվեր Բոլդուինը

Դաշնակցական Օլիվեր Բոլդուինը
24.06.2025 | 10:00

Բրիտանացի քաղաքական գործիչ, Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցութեան անդամ, լրագրող, Բրիտանիայի եռակի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդի, Հայաստանի Առաջին Հանրապետութեան բանակի սպայ, բրիտանական պառլամենտի պատգամաւոր (1929-1947թթ․) եւ ՀՅ Դաշնակցութեան անդամ՝ Օլիվեր Բոլդուինն (1899-1958թթ․) իր ինքնակենսագրութեան մէջ գրել է․

«1921 թուականին ես դարձայ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ և դեռեւս միակ ոչ հայ անդամն եմ այս աշխարհահռչակ եւ երբեմնի սարսափազդու կազմակերպութեան, որը հիմնադրուել էր Հայաստանը թուրքական եւ ռուսական տիրապետութիւնից ազատագրելու համար։ Ես դա գնահատեցի, որպէս մեծ պատիւ, եւ այդպիսով 1921 թուականին ինքնաբերաբար միացայ 2-րդ Ինտերնացիոնալին, որին միացած է նաեւ Բրիտանական Լեյբորիստական կուսակցութիւնը» (Baldwin Oliver, The Questing Beast (An Autobiography), London, 1935, pp. 168-169)։

ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսեանը Բոլդուինի դաշնակցական դառնալու եւ նրա արմատների մասին ասել է․ «Օլիվեր Բոլդուին անդամ է ՀՅ Դաշնակցութեան, որ ընդուներ է զինքը նկատի ունենալով անոր ծառայութիւնները Հայաստանին եւ պատրաստակամութիւնը գործելու ՀՅ Դաշնակցութեան ծրագրին համաձայն․․․ Բոլդուինի երակներուն մէջ կը հոսի, ինչպէս ինքը կ’ըսէ, Կիլիկիոյ իշխաններուն մէկուն արիւնը,- այն Բոլդուինի, որ խաչակիրներու յայտնի ղեկավարներէն մէկն էր։ Ի զուր չէ ուրեմն այդ ժառանգական կապը, որ զինք բնազդօրէն մղեր է դէպի Հայաստան․․․ Այժմ ան պատրաստած է գիրք մը որուն վերնագիրն է «Վախճան»։ Այս գիրքը որ նուիրուած է ՀՅ Դաշնակցութեան, լոյս պիտի տեսնէ աշնան» («Նոր Արշալոյս», Բուխարեստ (Պուքրեշ), Ռումինիա, 1923, էջ 2)։

Բոլդուինի նշեալ գիրքը, «Կոնյեծ» վերտառութեամբ, փաստօրէն քաղաքական նովել է՝ եւրոպական քաղաքակրթութեան տագնապի վերաբերեալ, ընդորում Բոլդուինը, «Մարտին Հուսսինգտրի» գրական անունով ծանուցել է հետեւեալը․

«Ձօնում եմ Երկրորդ Ինտերնացիոնալի անդամ՝ Դաշնակցութեանը, մեծ հիացմունքով եւ երախտագիտութեամբ՝ 1921թ փետրուարի 18-ի համար» (Hussingtree Martin (alias of Oliver Baldwin), Konyetz, London, 1921):

Դարձեալ իր ինքնակենսագրութեան մէջ, դաշնակցական Օլիվեր Բոլդուինը վիպական ոճով այսպէս է նկարագրում Հայոց Ցեղասպանութեան դահճապետ Թալեաթի կեանքի վերջին պահերը․

«Թալեաթը հագաւ իր վերարկուն, շարֆը, գլխարկը և ձեռնոցները: Նրա հագնուելը երկար տեւեց: Բացեց դուռը եւ դուրս եկաւ։ X-ը նստած էր։ Նրա ընկերը վեր կացաւ, երբ Թալեաթը հասաւ շեմին։ Թալեաթը հազիւ տասը մետր էր քայլել։ Փողոցը դատարկ էր։

«- Թալեաթ՛, - ուժգին լսուեց X-ի ձայնը։ Թալեաթը շրջուեց կրունկի վրայ եւ ուղիղ նայեց «մաուզեր»-ի փողին։

«- Դաշնակցութիւն, - գոռաց X-ը, եւ այդ ահարկու անունից Թալեաթի դէմքին իջաւ խայտառակ սարսափ։ Նա դողաց, ձեռքերը դրեց դէմքին։ Եւ յետոյ կրակոցը հնչեց» (Baldwin Oliver, The Questing Beast (An Autobiography), London, 1935, p. 204)։

X-ը հենց Սողոմոն Թեհլիրեանն է, իր բրիտանացի կուսակից՝ Օլիվեր Բոլդուինի նկարագրութեամբ:

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 195

Մեկնաբանություններ